Մեզանում ձևավորվել է մի իրավիճակ, երբ համայնքների տնտեսական ու սոցիալական զարգացումը գրեթե լիովին կախված է կառավարության կողմից տրամադրվող դոտացիաներից, սուբսիդիաներից ու սուբվենցիաներից:
Նման իրողությունը, բնականաբար, չի նպաստում համայնքների ինքնակառավարման ու ինքնաբավության կարողությունների զարգացմանը: Ավելին, նման պայմանները էապես խոչնդոտում են համայնքային նախաձեռնությունների, մասնավորապես` ներդրումային նախագծերի իրականացումը:
2017 թ. մարտի 1-ից «Խազեր» «ԽԱԶԵՐ» Հասարակական կազմակերպությունը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ իրականացնում է «ՀՀ ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների /ներդրումների” (INDC) ֆինանսական մեխանիզմի ներդրում միջին ու փոքր քաղաքային և գյուղական համայնքներում» ծրագիրը, որը միտված է փոխելու իրավիճակը բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման, միաժամանակ բնապահպանական խնդիրների բացահայտման ու լուծման գործընթացի մեջ համայնքների ու բնակավայրերի բնակչությանը անմիջապես ներգրավելու միջոցով:
Ծրագրի հիմքում համայնքի բնակիչներին անօտարելի իրավունքով պատկանող կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային («կանաչ») հիմնադրամի ձևավորման գաղափարն է:
Հիմնադրամի դրամագլուխը պետք է բաղկացած լինի երկու բաղադրիչից՝ ա/ սույն ծրագրի, դոնորների ու այլ աղբյուրների տրամադրած ներդրումային միջոցներից և բ/ մշտատևն ու կայուն` համայնքին տրամադրվող ամենամյա բնապահպանական սուբվենցիաներից:
Ծրագրի նպատակն է՝ օժանդակել համայնքների բնակիչների ու քաղաքացիական հասարակության ներգրավմանը բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման, բնապահպանական խնդիրների բացահայտման ու լուծման գործընթացներում:
Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի ձևավորման գործընթացում կարևորագույն խնդիր է բնակչության իրական և գործուն ներգրավվածությունը, ինչն իր հերթին ենթադրում է համայնքի բնակիչների ինքնակազմակերպման կարողության բավարար մակարդակ:
Բնակչության ինքնակազմակերպման առաջնային օղակը համայնքն է, իսկ համայնքների խոշորացման դեպքում՝ բնակավայրը: Ուստի, նպատակահարմար է կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի ձևավորման գործընթացը սկսել Հայաստանի միջին և փոքր քաղաքային ու գյուղական համայնքներից ու բնակավայրերից:
Հրավիրում ենք բոլոր համայնքների ու բնակավայրերի բնակչությանը ընդգրկվել ծրագրում, նախաձեռնել կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամների ստեղծումը և մասնակցել համայնքային ներդրումային նախագծերի մրցույթին:
Նորարարական բնույթի ծրագրի բովանդակային և ֆինանսական գործողություններն ընդլայնելու նպատակով նախատեսվում է նախագծի շուրջ ձևավորել կոնսորցիում, որին անդամակցելու մտադրություն են հայտնել մի շարք հասարակական կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման կառույցներ, ընթացիկ ծրագրեր:
Ներկա դրությամբ կոնսորցիումին անդամակցելու համաձայնություն են տվել.
- Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյանմասնաճյուղը (WWF-Հայաստան)
- Ազգային ջրային համագործակցություն ՀԿ
- Հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան բարեգործական հիմնադրամը