2018թ.-ի մայիսի 31-ին ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գրասենյակում «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն և Հայաստանի Տեխնոլոգիաների Փոխանցման Ասոցիացիան ստորագրեցին Հայաստանի կլիմայական տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնին և ցանցին (ArmCTCN) միանալու հուշագիր: Այն ստորագրեցին «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալիա Համբարձումյանը և Հայաստանի Տեխնոլոգիաների Փոխանցման Ասոցացիայի խորհրդի նախագահ Միքայել Աբովյանը:
Հայաստանի Տեխնոլոգիաների Փոխանցման Ասոցիացիան ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տեխնիկական օժանդակությամբ նախաձեռնել է Հայաստանում կլիմայական տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի և ցանցի ստեղծումը: Այն իրենից ներկայացնում է շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց համագործակցության շրջանակ, բաղկացած է կոնսորցիումից և ցանցից, համագործակցում է կլիմայական տեխնոլոգիաների փոխանցման գլոբալ ցանցի ու կենտրոնի (CTCN) հետ:
ArmCTCN նպատակաուղղված է կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և կլիմայի փոփոխության մեղմման տեխնոլոգիաների փոխանցման ու ներդրման խթանմանը, նախընտրելի տեխնոլոգիաների կարիքների բացահայտմանը, գիտելիքի ու փորձի փոխանակմանը ու տեղական տեխնոլոգիաների ներդրմանն և միջազգայնացմանը:
Additional information