2017թ. նոյեմբերի 7-18-ը Գերմանիայի Բոնն քաղաքում կայանալու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի (ԿՓՇԿ) կողմ երկրների 23-րդ համաժողովը (COP-23), որի նախագահումը մինչ 2018-ի համաժողովը (COP-24) ստանձնելու է Ֆիջին:

Համաժողովին մասնակցելու է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը և մի շարք ոչ պետական կազմակերպություններ:

Նկատի առնելով Փարիզում ԿՓՇԿ 21-րդ համաժողովում (COP 21) ընդունված պատմական «Փարիզյան Համաձայնագիրը», որի հիմնական պահանջների կատարումը պետք է մեկնարկի 2020թ.-ին, հասարակայնությունը հատկապես հետաքրքրված է թե ինչպես ու ինչ չափով կանդրադառնան այդ համաձայնագրով սահմանված պարտավորությունները քաղաքացիական հատվածի վրա և ինչպես ու ինչպիսի լծակներով կարող է մասնակցել ու ներգործել Հայաստանի քաղաքացիական հատվածը համաձայնագրի դրույթների կատարման վրա:

Սկսած 2009թ.-ից «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն կազմակերպում է խորհրդաժողովներ, կապված կլիմայի փոփոխության հիմնախնդրի հետ, որը անցկացվել է ԿՓՇԿ Կողմ երկրների համաժողովներից առաջ: Հաշվի առնելով հասարակության աճող հետաքրքրությունն ու անհանգստությունը կլիմայի փոփոխության հիմնախնդրի նկատմամբ, որոշվեց այդպիսի խորհրդաժողովների անցկացումը դարձնել կանոնավոր՝ առնվազն տարեկան պարբերականությամբ` ԿՓՇԿ կողմ երկրների հերթական համաժողովներից առաջ:          
“Խազեր” ՀԿ-ն նախաձեռնեց իրականացնել կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին նվիրված հինգերորդ խորհրդաժողովը «ԴԵՊԻ ՖԻՋԻ-ԲՈՆՆ` Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի համաժողովի 23–րդ նստաշրջանի նախաշեմին» անվան տակ:          
Այդ խորդրդաժողովն անցկացվեց սույն թվականի հոկտեմբերի 19-ին՝ Գլոբալ ջրային համագործակցության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ֆինանսական աջակցությամբ։

Խորհրդաժողովին իրենց մասնակցությունն ունեցան ներկայացուցիչներ ՀՀ նախարարություններից, մարզերից և ՀՀ-ում գործող դեսպանատներից և հասարակական կազմակերպություններից։

Խորհրդաժողովի ընթացքում շոշափվեցին այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են՝ «Կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծման ոչ պետական սուբյեկտների ֆինանսավորման աղբյուրները», «Կլիմայի փոփոխության Հայաստանի Հանրապետության առաջընթացի առաջին երկամյա զեկույցի ներկայացումը COP 23-ին», «Կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծմանը Արցախի մասնակցության անհրաժեշտությունն ու հնարավոր ուղիները», (ավելի մանրամասն տեսնելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://drive.google.com/open?id=0B02NnROBCm73NVZRSWV3Z0xRM28) «ԿՓՇԿ և Փարիզյան համաձայնագրի դրույթների իրականացման գործիքներն (մեխանիզմները) ըստ Հայաստանի «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող ներդրումների» (INDC) ու դրանց կիրառումը համայնքային մակարդակում»։

Որպես «կլիմայական թերահավատների» տեսակետ Խորհրդաժողովին հնչեց  նաև  զեկուցում «Արդյո՞ք վճռորոշ է մարդկային գործոնը կլիմայի դիտվող փոփոխության մեջ» թեմայով:

 

Համառոտ ներկայացվեց ԱՄՆ ներկայիս վարչակազմի դիրքորոշումը Փարիզյան համաձայնագրին մասնակցելու նպատակահարմարության վերաբերյալ և մեկնաբանվեցին այդ համաձայնագրից ԱՄՆ հնարավոր դուրս գալու հետևանքները կլիմայի փոփոխությունը զսպելու համաշխարհային ջանքերի վրա: Մեկնաբանվեց նաև Ռուսաստանի Դաշնության անորոշ դիրքորոշումը Փարիզյան համաձայնագրի վավերացման հարցում: